Terminanersisyan's Blog

November 25, 2009

Ու փորձեմ գտնել հարցիս պատասխան. Դու խենթությունս ես, թե աղոթքն ես իմ…

Filed under: 1 — terminanersisyan @ 7:17 pm

Սիրում էի քո մեզով ներծծված պատի մասին լուրջ տեսությունը լսել, քեզ տուն ճանապարհել: Հետո, երբ կարոտում էի մենակ գալիս էի ու էն կախարդական քարի վրա կանգնում, մասուրի ծառի մոտ, հետո էլի քայլում էի անկապ, աննպատակ, զգացողությունների կրկնության ակնկալիքով: Ամեն անգամ իզուր :

Սենյակիդ գետնին նստած թենիսի ռետինե տախտակի ու գնդակի հետ էի խաղում ու հիշում մեր գիշերային զրույցները.

Արի ընկեր նստենք ամբող գիշեր…

Ու քշենք մեկ-մեկ գրված երգերը,

Իսկ ծխակոլոլ կոկորդով պոկենք

մեռած քաղաքի անթափանց գիշերը…

որոնց պատճառով շատ ուշ էի քնում, կամ առհասարակ չէի էլ քնում, որ ավելի հաճախ էր պատահում, որովհետև սիրտս արագ էր բաբախում ու արթմնի երազ  էի

տեսնում կապույտ երկնքի կարմիր տնակի մասին ու էնտեղ հասնելու հնարքներ ու ճանապարհներ էի փնտրում: Ավելի ուշ գտա այդ ճանապարհը, կամ ավելի ճշմարիտ կլինի ասել` հավատացի, թե գտել եմ:

Ես ուզում էի հավաքել պապլավոկի ջրի միջի տաս կոպեկանոցները: Լուրջ: Հետո ձմեռ էր  ցուրտ ու դատարկ փոս էր միայն ու  ջուր էլ չկար, տասանոցներ էլ չկային: Իսկ ես նստարանին նստած էի ու…

Քրքրվել է մայրամուտը, աստղերն են հատ-հատ ծաղկում,

Հեռացող սիրո իմ հուրը, թափառում է անցյալում

Ես այրված  թևերս պարզել եմ, որ սրտիդ հեռվից հպվեմ,

Ես գիշերը արտասվել եմ, ես երգել եմ, ես լացել եմ…

Ես կրքից անէացել եմ, գիշերվա հետ մերկացել եմ,

Կրակի պես վերջացել եմ,

Բայց սրտիցդ ջերմացել եմ

Ու հանդարտ հոսել եմ, սրտիդ հետ խոսել եմ,

Սիրուս մասին կիսվել եմ, սրտիդ ձայնին հասել եմ,

Մերժված անլույս սպասել եմ,

Գժված անհույս ասել եմ,

Որ աշխարհում դու ես միակը:

Հետո վերջապես արհամարհեցի հպարտություն կոչվածին ու գրեցի, իսկ հազվադեպ անցնողները նայում էին. Առատ ձյուն էր տեղում, ես  նստած էի թաց նստարանին ու ջերմում էի,հետո սկսեցի գրել, տաս րոպե, տասնհինգ, կես ժամ, մեկ ժամ…մինչև հեռախոսիս էկրանը լրիվ ձունով ծածկվեց ու  վերջացրի միտքս. գոնե այդ պահի համար….կարոտել էի ու էլի նույն սփոփությունը կամ մյուս ավանդական դարձած ու մինչ այժմ արդի մեթոդը, որ կիրառվում է արցունքների միջոցով դուրս թափելու էմոցիաներ, հուշեր, կրքեր ու էլի չգիտեմ ինչ.

Քայլեմ ես մտախոր, օտար այս քաղաքում,

Փնտրեմ դեմքը քո հարազատ, կողքից անցնող ամեն դեմքում,

Փնտրեմ սերն իմ կորցրած ու չգրված իմ երգերից ,

Փնտրեմ քեզ իմ բեկված երազ , մեր խենթ սիրո գիշերներից…

Իմացա  Սթարում վաճառվող շոկոլադե կռուասանի  գոյության մասին ու հաճախ կիլոմետրեր էի անցնում`ինձ դրանով մի քիչ երես տալու թաքուն մտադրությամբ: Հետո ժպտում էի: Ու պատճառներ ու պայմաններ չկային ու պետք էլ չէր, որ լինեին:Հետո պատուհանից դուրս էի նայում ու ապակուն անգույն գոլորշի նկարում: Ես միշտ կարոտում էի, հետո կարոտացավով վարակվեցի , կարոտախտից տառապեցի ու հասկացա , որ անբուժելի է կարոտային հիվանդությունը իմ.

Քայլերս ինձ այդպես տանեն ու հասցնեն քո տան շեմին,

Հապաղելով կամաց թակեմ, միտքս ձգվի իմ հուշերին,

Դուռը հանդարտ բացվի , ինչպես անցած, լավ օրերին,

Թափառումից այնքան հոգնած ու մեղավոր նայեմ դեմքիդ…

Աբովյան-Իսահակյան խաչմերուկում  աստիճաններով էինք բարձրանում, երբ իմացա, որ ձմռանը փողոցի լուսամփոփները գոլորշի են արձակում: Հետո ես էդ ֆիլմը նայեցի, դե էն, որի մասին ասում էիր… հետո լաց եղա; Դու գիտեիր ինձ, դու ինձ իմացել էիր:

Ու ասեցիր ինձ, որ եթե վերև նայեմ, կտեսնեմ լույսը, որ անցքից էր ներս մտնում, իմացա թունելում լույս աշխարհ եկած զավակիդ մասին ու տեսա , որ պատն էիր գրկել: Ու մենք քեզ էինք փնտրում ու ես գտա քեզ, ես տեսա քեզ, քեզ չէ, դեմքը քո տեսա միայն ու միասին բարձրացանք վերև: Հետո ձեռքս  էիր բռնել ու ես ասեցի, որ առաջինն ես դու:

Հետո գրկում էի քեզ ամուր-ամուր ու անուշ հոտդ էի զգում:

Իսկ էդ օրը դեմքիս  քո դեմքն էի զգում, հետո նայում էինք էնտեղի վառվող լույսով միակ տան պատուհանից ներս; Ամեն անգամ քո մոտ գալուց վազում էի: Դե ուշանում էի: Դրա համար էի վազում: Լուրջ:

Ու կասեմ. “Բարև, իմ սեր”

Կասեմ. “Ներիր ինձ, սեր:

Ներիր , թե կարող ես սեր, բերել եմ հուշը մեր”:

Հետո ինքն ասեց, որ ես ուրիշ էի էդ ժամանակ . ես երիտասարդ էի , ես ազատ էի, ես կարոտում էի, ես վազում էի: Ու պարում անձրևի կաթիլների հետ:Գիտեմ: Բայց արդեն մոռանում եմ ինձ: Ամեն ինչ հիշում եմ, ամենամանր բաներն անգամ, բայց ինձ մոռանում եմ:

Ես սիրում էի քո բարակ ոտքերն ու ընդգծված ծնկները, հիմա էլ եմ սիրում: Հետո դու ասեցիր, որ եթե ուզեմ էլի գնալ ու էն նստարանի մոտ նստել ու գլուխս  ոսկորոտ ծնկներիդ դնել, դու կանես էդ ինձ համար; Բայց տենց էլ չեկար: Իսկ ես` համառս.

Ես քեզ ցանկանում եմ անլուսին գիշեր,

Որ ճրագ վառեմ պատուհանիսդ տակ

Ու ճրագի պես մինչև վերջ այրվեմ

Անհամբեր սպասեմ հաջորդ գիշերվան :

Ես քեզ ցանկանում եմ երակրող ձմեռ, որ իմ տաք շնչով սառույցդ հալեմ

Ես քեզ ցանկանում եմ ցամաքած աղբյուր, որ երակներս ծարավդ մեղմեն

Ու ես խենթացած քեզ գրկեմ ամուր, փակվող աչքերիս մեջ պատկերդ պահեմ..

Ես քեզ ցանկանում եմ կախարդված շրջան, ուր սերս և վերջ ու նոր սկիզբ լինի:

Ու ես մանդարին էի բերել, որ դու կերար, հետո ես` ափիցդ, նույնը:

Անհնար էր ու անհնար ա , որ մտածեի սպասեի ու չտեսնեի: Ու երբ չէի տեսել վաղուց ու էլի թափառում էի ու հերթով թերթում երգերը իմ ու քո: Հետո մոտ հինգ անգամ փոխեցի կանգառներս , որ ժամանակ շահեմ, հետո սպասեցի կես ժամ ու չէի ուզում առանց տեսնելու գնալ: Առաջին անագամն էր, որ հիշելիս ցավ էի զգում, ինչ որ բան ճմլվում էր ու անզոր էի ես ; Պիտի տեսնեի ու հասկանայի, որ սառել  է վաղուց արդեն ու ծեր եմ ես արդեն: Ու կանաչ լույսին էի սպասում, երբ տեսա ոտքերդ, հետո էլ դու տեսար ինձ: Ու խոսում էիր, ինչ-որ բան: Չգիտեմ ինչ, չէի լսում: Մի քանի անգամ կրծքիս հարվածեցի, որ կոտրեմ սառույցը, բայց իզուր; Վազեցի: նստեցի դեղին ավտոբուսը: Ուզում էի գնալ, փախչել, չզգալ, որ էլ  չեմ զգում:

Հետո ժապավենի նման աչքիս առաջով անցան` Գառնիի լավաշը, շների խումբը, սառույցն ու Տերյան փողոցի  լյուկի ճոճորվող կապարիչը, որ էնքան շատ էի սիրում: Ու մոռացա հետո, դե գոնե որոշ ժամանակով: Հետո էլի տեսա մի երկու անգամ: Իսկ էդ օրը  չնստեցի երթուղային ու մետրոյի մոտ եկա, որ տեսնեմ քեզ: Ու չտեսա, փոխարենը` տեսա  ընկերոջդ , որ ինձ քեզ մոտ բերեց:

Ինչքա~ն տարբեր է երգերից սիրո երգը մեր մոռացված,

Ինչքա~ն հեռու ենք իրարից այսպես իրար դիմաց նստած,

Ու դուռը երբ հանդարտ բացվի, կհեռանամ քո դղյակից

Ու խենթի պես ես կփախչեմ, մեր խենթ սիրո գիշերներից…

Հետո դու անհետացար, գոլորշացար, հօդս ցնդեցիր: Որովհետև պահվել էիր   մտքերիս ամենախորքում ու արդեն ոտքերս ինձ այլ ճամփաներով էին տանում: Ու   դու չկայիր էդտեղ: Ես էլ կարծեցի, թե առհասարակ չկաս էլ: Բայց հարցրեցի ու ասեցիր, որ կաս:

Հետո նկարդ էի տեսել, չես փոխվել ու լավն էիք գիտե՞ս, սիրուն:

Ուզեցի ասել, որ ուրախ եմ քեզ համար, դու երջանիկ էիր երևում: Երթուղայինում նստած սկսեցի sms գրել երեկ ու ասել, որ ուրախ եմ, որ լավ ա քեզ մոտ ամեն ինչ: Հետո մի քիչ գրեցի,  բայց գիտեի, որ չեմ ուղարկելու`ինչպես

միշտ:Կոկորդում տհաճ զգացողություն ունեցա, խեղդվում էի ու խեղդել փորձում: Ու տեսա քեզ, գիտե՞ս տեսա: Լուրջ: Պատուհանից: Դու Թամանյանի  արձանի մոտով էիր անցնում ու  նույնն էիր: Ու հասկացա, որ առաջին անգամ քո գոլորշանալուց հետո ես իսկապես ուզում էի, կուզենայի տեսնել ու տեսա: Ապակու մյուս կողմից տեսա: Հետո իջա երթուղայինից, վազեցի ու գրկեցի պինդ, ասեցի, որ ուրախ եմ: Որ ամեն անգամ, երբ ուզում եմ տեսնել, երբ սիրտս զարկում է , երբ սառույց չեմ զգում, տեսնում եմ քեզ: Հաջորդ վայրկյանին արթնացա  ու ես երթուղայինում էի, նույն տեղում նստած, խոժոռված դեմքով, արցունքն աչքիս ու չէի վազում ես բնավ: Ու նորից .

Ու լռության ձգված լարից, փորձեմ պոկել ես մի հնչյուն,

Փորձեմ ասել քեզ սիրելիս. Դու իմ ազատ, վայրի թռչուն,

Նորից փորձեցի  լսել ծեր ու հարազատ բարեկամիս, հավատարիմ ընկերոջս, իմ միակ ու ճշմարիտ վկային, որ այս անգամ ուրիշ բառեր էր հուշում.

Արի մեկ էլ փրկվենք փշրված հուշերից

Ու թողնենք անցյալին գիշերները մեր

Արի մեկ էլ լռենք, որ բառերը անհետք

Չկորչեն, չդառնան բամբասկոտ հրեշտանք

Արի մեկ էլ փորձենք հեռանալ, որ ապրենք

Երազով անցած երազը պահենք:

Արի մեկ էլ լռենք, մի կանչիր հայացքով,

Արի մեկ էլ լռենք ու թեկուզ մտովի

Ես գիտեմ դու էլ ինձ դեռ հիշում ես ,

Արի մեկ էլ փորձենք լուռ բուժվել իրարից,

Հավատա քեզ համար աղոթում եմ դեռ,

Հավատա քեզ համար աղոթում եմ դեռ

Հավատա քեզ համար աղոթում եմ դեռ:

Արի էլի լռենք, արի էլի լռենք, էլի լռենք, էլի լռենք…

Advertisements

1 Comment »

  1. Armen Movsisyani xosqern ein??? ete voch, apa shat nman en.

    Kareli er hxum en` hargelov hexinakayin iravunqner@

    Comment by Ashot — December 5, 2009 @ 1:05 pm


RSS feed for comments on this post. TrackBack URI

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

Blog at WordPress.com.

%d bloggers like this: